Գլոբալ Հարավը պետք է մասնակցի այն որոշումների կայացմանը, որոնք ուղղակիորեն վերաբերում են նրա ապագային. դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի բարեփոխում, այդ թվում՝ բազմակողմանիության առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Գլոբալ Հարավի երկրների և բարեկամական պետությունների բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Գլոբալ Հարավը պետք է մասնակցի որոշումների կայացման այն կառույցներին, որոնք քննարկում են ուղղակիորեն մեր ապագային վերաբերող հարցեր…. ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, բազմակողմանիության բարեփոխումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հաշվի առնվեն Գլոբալ հարավի առաջնահերթությունները», – Ջայշանկարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այսօր Գլոբալ հարավը կարող է գտնվել գլոբալ ճգնաժամի առաջին շարքում, սակայն որոշումների կայացման գործընթացում մնում է վերջին տեղում», – նշել է նա։
Ջայշանկարը հայտարարել է, որ այժմ Գլոբալ հարավի երկրների համերաշխությունն ավելի կարևոր է, քան երբևէ։
«Այն ժամանակ, երբ մեզ անհրաժեշտ է դիմել բազմակողմ փոխգործակցությանը, մենք, ընդհակառակը, ականատեսն ենք դառնում նրա ապամոնտաժմանը։ Միջազգային կազմակերպությունները, որոնցից մենք լուծումներ ենք ակնկալել, ինքնին վերածվել են խնդրի, որը պահանջում է մեր միջամտությունը», – ասել է նախարարը։
Ջայշանկարը կոչ է արել Գլոբալ հարավի երկրներին օգտագործել առկա հարթակները՝ քննարկելու Գլոբալ հարավի խնդիրները, և թույլ չտալ, որ շահերը հետ մղվեն երկրորդ պլան։
Միևնույն ժամանակ, G4 երկրների՝ Հնդկաստանի, Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի արտգործնախարարները կոչ են արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նշելով, որ կառույցը ներկայում չի կարողանում արդյունավետորեն իրականացնել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու իր հիմնական պարտականությունը։









