Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 6-ամյա Հ․ Վ․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց տան հյուրասենյակում գազի վառարանի փականի հետ խաղալու, վառարանին միացված ռետինե խողովակը տեղից հանելու և առաջացած հրդեհի հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։









