Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզոմ։ Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։
Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։









