Թեհրանից արձագանքել են Իրանում ցույցերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին զգուշացրել է զերծ մնալ ճնշման ցանկացած փորձից:
«Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է ամերիկյան փրկության փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա: Միջամտության ցանկացած ձեռք, որը մտացածին պատրվակով ոտնձգություն կկատարի Իրանի անվտանգության դեմ, կկտրվի մինչև միջամտության հասնելը՝ ջախջախիչ պատասխանի հանդիպելով»,- նշել է Շամխանին:
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կարող է ապակայունացնել ողջ Մերձավոր Արևելքը և վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի ուժայինները սկսեն զենք կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ:









