Foto

2025 թվականի սկզբից ի վեր ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի տարածքի 0.77%-ը

Այս տարվա հունվարի 1-ից ի վեր ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի 4669 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 0.77%-ը (ընդհանուր առմամբ 603628 քառակուսի կիլոմետր)։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW): Այս ցուցանիշը 22%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, երբ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի 3734 քառակուսի կիլոմետր տարածքը:

2025 թվականին ռուսական զորքերի առաջխաղացման մի փոքր ավելի արագ տեմպերը ձեռք են բերվում հսկայական կորուստների գնով, որոնք, ըստ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի տվյալների, տարեսկզբից ի վեր հասել են ավելի քան 391 հազար սպանվածի և վիրավորի։ Դա կազմում է ավելի քան 83 սպանված կամ վիրավոր ռուս զինվոր մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Ինչպես նշում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW), ՌԴ բանակի առաջխաղացման տեմպերը «չեն գերազանցում քայլքի արագությանը, նույնիսկ այն շրջաններում, որտեղ ռուսական զորքերը վերջերս համեմատաբար ավելի արագ են հաջողությունների հասել, օրինակ՝ Գուլյայպոլի և Պոկրովսկի ուղղություններում»։

Ռուսաստանի հարձակման արագությունը մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չի ավելանա, փաստում են վերլուծաբանները։ Դա պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի «գերակշռությամբ», որոնք գրեթե անհնարին են դարձնում ծանր տեխնիկայի օգտագործմամբ արագ բեկումների համար նախատեսված մանևրային գործողությունները և «ռուսական զորքերին ստիպում են ուժասպառ անող գրոհներ իրականացնել՝ հետևակը ոչնչացնելու համար»։

Մոսկվայի համար մի փոքր ավելի «հաջող» գնահատականներ է նախկինում ներկայացրել AFP գործակալությունը, որը նույնպես ուսումնասիրել էր ISW-ի և Critical Threats Project-ի տվյալները։ Այդ հաշվարկներով, 2025 թվականին ՌԴ-ն գրավել է Ուկրաինայի գրեթե 5400 քառ. կմ տարածք, ինչը մոտ 2000 քառ. կմ-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, գնահատականում ներառվել են ինչպես այն շրջանները, որոնք, ըստ Կիևի և ռազմական վերլուծաբանների պնդումների, օկուպացված են Ռուսաստանի կողմից, այնպես էլ նրանք, որոնց նկատմամբ վերահսկողության մասին հայտարարում է ռուսական բանակը։ Ընդհանուր առմամբ, Մոսկվան նվաճել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը՝ շուրջ 120 հազար քառ. կմ։

«The Economist»-ի հաշվարկներով, Ռուսաստանը պատերազմի սկզբից ի վեր կարող էր կորցրած լինել մինչպատերազմյան արական բնակչության միայն 1%-ը՝ զոհվածներով։ Պարբերականը բացարձակ թվեր չի ներկայացրել, բայց հաշվի առնելով մինչպատերազմյան վերջին մարդահամարի (2020-2021 թվականներ) տվյալները, այդ թիվը կարող է տատանվել մոտ 430 հազարից մինչև 680 հազար սպանվածի միջև։ ՆԱՏՕ-ի գնահատմամբ, ռուսական բանակում սպանվածների և վիրավորների ընդհանուր թիվը մինչև 2025 թվականի դեկտեմբերը մոտենում է 1,15 միլիոնի։

news.am