Foto

Պարեկները հայտնաբերել և պատասխանատվության են ենթարկել թանկարժեք ավտոմեքենաների օրինախախտ վարորդների

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հանձնարարականը, որ Պարեկային ծառայությունը պետք է շարունակի էլ ավելի ուժեղացված պայքարը օրինախախտ վարորդներին հայտնաբերելու, վարչական պատասխանատվության ենթարկելու, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևանում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել 20-ից ավելի գոլդ համարանիշներով, հանրությանը հայտնի անձանց տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են մգացված ապակիներով, ամրակապված չեն եղել, վարելիս օգտագործել են հեռախոս:Բոլոր վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ այն վարորդները, որոնց ավտոմեքենաների դիմապակին ու առջևի կողային ապակիները եղել են թաղանթապատված, իրենք իրենց ձեռքով այն պոկել են:

Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և հարգեն օրենքը, հակառակ դեպքում անկախ ավտոմեքենայի սեփականատիրոջ ով լինելուց կենթարկվեն վարչական պատասխանատվության: