Վենետիկի
հանձնաժողովը, պատասխանելով Սահմանադրական դատարանի նախագահի դիմումին, եզրակացրել
է, որ քրեական նոր օրենսգրքում հավաքներին նյութապես շահագրգռելու դրույթն անորոշ է
և խնդրահարույց։ Այն պետք է այնքան հստակ լինի, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացին
հասկանա իր իրավունքներն ու պարտականությունները, եզրակացրել են միջազգային անկախ փորձագետները։ Խոսքը
մասնավորապես վերաբերում է նյութապես շահագրգռելու մասին դրույթին։
Ի՞նչ պետք է անի Վենետիկի հանձնաժողովի բացասական
կարծիքից հետո ՍԴ-ն, և ինչպե՞ս է այն
անդրադառնալու այդ հոդվածով արդեն կալանավորված անձանց վրա։
Այս և այլ հարցեր Vesti.am-ն ուղղել է
քրեական իրավունքի մասնագետ Հակոբ Անանյանին։
– Ի՞նչ է նախատեսում Քրեական օրենսգրքի
236-րդ հոդվածի 2-րդ մասը, որով ընդդիմադիրները դիմեցին ՍԴ, և ո՞րն էր խնդրահարույց
դրույթը։
– Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է՝ «Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն
խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց
հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»։ Խնդիրը թաքնված է երկրորդ մասում, մասնավորապես՝
նյութապես շահագրգռելուն վերաբերվող հատվածում։ Նյութապես շահագրգռելու ձևակերպման տակ կարելի
է հասկանալ նույնիսկ լոգիստիկ ծախսերը՝ տրանսպորտ, սնունդ և նման մանր ծախսեր։ Սա հանցանք
համարվել չի կարող։ Հստակ չէ, թե ինչ է ենթադրվում «նյութապես շահագրգռել» ձևակերպումը։
– Ներօրենսդրական ակտով ի՞նչ խնդիր էր լուծում օրենսդիրն այս դրույթն ավելացնելով։
– Միանշանակ խոսքից ձեռնպահ կմնամ, բայց այստեղ օրենքի դրույթը թերի է․ այն կարող է կամայականորեն
մեկնաբանվել։ Իրավապահ համակարգի կողմից կարող է լինել ողջամտության սահմաններից դուրս
ընկալում։
– Հանձնաժողովը սկզբում դրական
եզրակացություն էր տվել, իսկ հիմա այն համարում է միջազգային իրավունքին հակասող։ Ընդդիմադիրները
իշխանությանը մեղադրում են հանձնաժողովին սխալ թարգմանություն ներկայացնելու մեջ։ Որքա՞ն
է ազդել հանձնաժողովին ներկայացված օրենքի սխալ թարգմանությունը՝ “incentivise”-ի փոխարեն
“compel” ձևով, նրա սկզբնական կարծիքի վրա։ Թարգմանությունը միտումնավո՞ր էր, թե՞ վրիպակ։
– Ըստ փաստերի՝ հանձնաժողովը նկատել է, որ «հարկադրել» տերմինի փոխարեն գրված է «նյութապես
շահագրգռել» և տվել է բացասական եզրակացություն։ Վենետիկի հանձնաժողովը հենց այստեղ
է խնդիր տեսել՝ գործողությունը պետք է լինի հարկադրանքի միջոցով և ոչ թե շահագրգռման,
որպեսզի այն համարվի հանցանք։ Չեմ կարող միանշանակ ասել վրիպա՞կ է, թե՞ միտումնավոր
արված քայլ։
– Արդյո՞ք հանձնաժողովի կարծիքը պարտադիր է ՍԴ-ի համար։ Եթե ՍԴ-ն ընդունի Վենետիկի
հանձնաժողովի եզրակացությունը որպես հիմք, ի՞նչ հնարավոր որոշումներ կարող են ընդունվել։
– Եթե ՍԴ-ի համար այդ կարծիքը կարևոր չլիներ, կարծում եմ՝ չէր դիմի Վենետիկի հանձնաժողովին։
Ըստ էության՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն
բավականին մեծ հեղինակություն ունեն։ Հենց այդ կարծիքների հիման վրա են պետությունների
ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ գնահատականներ տրվում։ Դրանով է բացատրվում
ՍԴ-ի՝ հանձնաժողովին դիմելու որոշումը, ինչը հեղինակավոր է և ՍԴ-ն վճռում դրան կանդրադառնա։
– Ի՞նչ է լինելու այն անձանց քրեական վարույթների հետ, ովքեր արդեն դատապարտվել
են կամ գտնվել են քրեական հետապնդման տակ այս հոդվածով։
– Իրավաբանորեն գործում է հետևյալ մոտեցումը․ երբ օրենքը բարելավող
բնույթ ունի, այն պետք է ունենա հետադարձ ուժ և տարածվի նաև այն անձանց վրա, ովքեր
մինչ այդ ենթարկվել են քրեական հետապնդման, ինչպես նաև նրանց վրա, որոնց վերաբերյալ
այդ հոդվածով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սակայն այժմ կանխատեսումներ անել
հնարավոր չէ, քանի դեռ օրենսդիրն այս մասով որոշում չի կայացրել։ ՍԴ-ի արձագանքից հետո
ամեն ինչ պարզ կլինի, բայց տրամաբանությունը հուշում է, որ բարելավող որոշումներն ունենում
են հետադարձ ուժ։









