Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար 565 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 1100 գծամետր երկարությամբ և 5500 քմ մակերեսով։ Կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ։
Ճանապարհի հիմնանորոգվող հատվածը Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցը կապելու է Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցի և Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող գլխավոր ճանապարհին։ Ծրագրի շրջանակներում կվերանորոգվի նաև Մադինա և Լեռնակերտ բնակավայրերն իրար կապող կամուրջը, որի շրջակայքում Արգիճի գետի հիասքանչ կիրճն է ու Արմաղան լեռը՝ նույնքան սքանչելի բնապատկերներով։
Ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ զբոսաշրջային կարևոր նշանակություն։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։