Foto

Ինչո՞ւ Արևմուտքը չի կարող դառնալ գերիշխող ուժ Հարավային Կովկասում. Վահե Դավթյան


Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը:


1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի արդյունքում Արևմուտքին ու Օսմանական կայսրությանը հաջողվեց սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Սև ծովում՝ թիրախում պահելով Կովկասը: Սակայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը նորից վերականգնեց Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը, ամրապնդելով ցարիզմի դիրքը Առաջավոր Ասիայում։


1918-1920  թթ. Մեծ Բրիտանիայի ինտերվենցիան Հարավային և Հյուսիսային Կովկասում, դրանից առաջ՝ 1917 թ. կնքված անգլո-ֆրանսիական կոնվենցիան տարածաշրջանը Լոնդոնի ազդեցության գոտի ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի փորձերը ստանձնելու Հայաստանի մանդատը ցույց տվեցին Արևմուտքի կովկասյան քաղաքականության սահմանափակ բնույթը: Արևմտյան հաշվարկները զիջեցին խորհրդային մեգապրոյեկտին։ 


Այսօր էլ Արևմուտքի նախաձեռնությունները, ներառյալ Դոնալդ Թրամփի քայլերը, հիմնականում PR-արշավներ են հիշեցնում։ Հարավային Կովկասում Արևմուտքի իրական ազդեցության ռեսուրսները սահմանափակ են, մինչդեռ տարածաշրջանի հիմնական արտաքին ակտորները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը շարունակում են օրակարգ ձևավորել: 


Պատճառը պարզ է՝ ցանկացած ժողովրդի գեոպոլիտիկ ճակատագիրը որոշվում է աշխարհագրությամբ։ Գեոպոլիտիկան այս իմաստով ոչ այնքան հասարակագիտական, որքան բնագիտական դիսցիպլին է՝ հիմնված տարածքի և բնության համալիրի՝ լանդշաֆտի վրա։ 


Սա հստակ գիտակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին՝ 1896 թ.-ին Լորդերի պալատում հայտարարելով. ՛՛Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները՛՛։


Հարցի պատմական չափումը ցույց է տալիս՝ Արևմուտքը կարող է միայն իրավիճակային ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, ինչի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր:

Վահե Դավթյանի ՖԲ էջից