Foto

Ցեղասպանության ճանաչումը, որպես քաղաքական զենք. ինչո՞ւ Նեթանյահուն խոսեց հենց հիմա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը,- հաղորդում է The Times of Israel-ը։

Հարցին, թե ինչո՞ւ Իսրայելը չի ​​ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ ճանաչել են։ Կարծում եմ՝ Քնեսեթը դրա վերաբերյալ բանաձև է ընդունել»։

Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»։

2001 թվականին, երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները վատթարագույն վիճակում էին, այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը բացահայտորեն մերժել էր «հայերի մեղադրանքները»՝ դրանք անվանելով որպես Հոլոքոստի հետ զուգահեռներ անցկացնելու փորձ։

«Հոլոքոստի նման ոչինչ տեղի չի ունեցել։ Հայերի ապրածը ողբերգություն էր, բայց ոչ ցեղասպանություն», - ասել էր նա։

Իսկ ինչո՞ւ Նեթանյահուն հանկարծ «ոտքի վրա» որոշեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիմա՝ երբ հայկական կողմից որևէ մեկը դիվանագիտական աշխատանքներ չի տանում այդ ուղղությամբ։ Ավելին՝ ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչումը ՀՀ ԱԳՆ առաջնահերթություններից չէ։ Գո՞ւցե բանն այն է, որ աշխարհաքաղաքական առումով այն շատ հարմար է Իսրայելին՝ հատկապես  Նեթանյահուին, Իսրայել–Թուրքիա լարվածության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության, Իսրայելի նկատմամբ միջազգային մեղադրանքների համատեքստում։

Հաագայի միջազգային դատարանում և ՄԱԿ-ի տարբեր կառույցներում Իսրայելի դեմ ներկայացվել են պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության մեղադրանքներ։ Այսպիսի պայմաններում Նեթանյահուն, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, փորձում է ցույց տալ, որ ինքը ոչ թե ժխտող է, այլ ընդհակառակը՝ պատրաստ է խոսել և դատապարտել ցեղասպանություն հանցագործությունը։

Միջազգային մամուլում և հատկապես Արևմուտքում Իսրայելի կառավարության գործողությունները հաճախ համեմատվում են հենց Հայոց ցեղասպանության կամ Հոլոքոստի հետ։ Էրդողանը տարիներ շարունակ Իսրայելին անվանում է «մարդկության դեմ հանցագործ պետություն», իսկ Գազայի պատերազմի ժամանակ մեղադրել է ցեղասպանության մեջ։

Նեթանյահուի քայլը կարելի է դիտել որպես պատասխան հարված․ «Դուք էլ ցեղասպան եք եղել, և մենք դա բարձրաձայնում ենք հենց հիմա»։

Ցեղասպանության ճանաչումը երբեմն ընկալվում է որպես մարդկության դեմ հանցագործության նկատմամբ համընդհանուր զգայունության ցուցադրում։ Այսպիսով, Նեթանյահուն փորձում է ներկայացնել Իսրայելը ոչ թե որպես ցեղասպանություն իրականացնող, այլ որպես պետություն, որը ճանաչում և դատապարտում է նման հանցագործությունները։ Նեթանյահուի հայտարարությունը միաժամանակ ունի երկու նպատակ՝

Արտաքին քաղաքական – թուլացնել Թուրքիայի դերը և օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը որպես քաղաքական զենք։

Միջազգային իմիջային – իր նկատմամբ ցեղասպանության մեղադրանքների պայմաններում փորձել ներկայացնել Իսրայելը ոչ թե որպես ժխտող, այլ որպես «ճանաչող և դատապարտող» պետություն։

Այսինքն՝ սա ոչ միայն Թուրքիայի հետ խնդիրների արդյունք է, այլ նաև Իսրայելի ինքնապաշտպանության փորձ՝ ամբողջ աշխարհում հնչող ցեղասպանության մեղադրանքներից։

Անկախ Նեթանյահուի հայտարարության դրդապատճառներից՝ ՀՀ ԱԳՆ Իսրայելին շնորհակալության անգամ չի հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման համար և կոչ չի արել այն իրավական տեսքի բերել։

Հայկական կողմի պասիվությունը՝ շնորհակալական կամ իրավական հստակ քայլի բացակայությունը, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը չունի համակարգված քաղաքականություն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Ուստի, այս քայլը որքան էլ կարևոր ու խորհրդանշական լինի, իրական ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե Հայաստանի դիվանագիտությունը կարողանա դա օգտագործել որպես գործիք՝ միջազգային հարթակում։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան