Եվրամիության (ԵՄ) մի շարք երկրներ ձգտում են օգտագործել կառույցի առաջիկա Միջերկրածովյան ռազմավարական համաձայնագիրը՝ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի առանձին պետությունների հետ առևտրային արգելքները վերացնելու և համագործակցության չափանիշները ԵՄ միասնական շուկայի կանոններին համապատասխանեցնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածված փաստաթղթում
Առաջարկը ներկայացված է Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 2025 թվականի ապրիլը պատրաստված ամփոփագրում, որը պարունակում է ԵՄ անդամ պետությունների, գործընկեր երկրների և շահագրգիռ կողմերի կարծիքները առաջիկա Միջերկրածովյան համաձայնագրի վերաբերյալ։
Իր երկրորդ մանդատի սկզբից ի վեր՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շեշտել է առևտրային փոխանակումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։
Միջերկրածովյան պակտը, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի ԵՄ գործադիր մարմնի կողմից հոկտեմբերի կեսերին, նպատակ ունի միավորել ԵՄ-ի և առանձին միջերկրածովյան երկրների միջև տարբեր ոլորտներում առկա, ինչպես նաև նոր երկկողմ համաձայնագրերը։
Պայմանագիրը վերաբերում է Ալժիրին, Եգիպտոսին, Իսրայելին, Հորդանանին, Լիբանանին, Լիբիային, Մարոկկոյին, Պաղեստինին, Թունիսին և Սիրիային։