Ռուսաստանի երկնքում օգոստոսի լույս 17-ի գիշերը խոցվել է գրեթե 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:55-ից մինչև օգոստոսի 17-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ն, հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, մասնավորապես, Բելգորոդի մարզում ոչնչացվել է 16 անօդաչու թռչող սարք, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 14, Վորոնեժի մարզում՝ 9, Բրյանսկի մարզում՝ 3, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի և Սմոլենսկի մարզերում՝ մեկական։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքերը բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին և ուկրաինական ռազմարդյունաբերական ձեռնարկություններին։
Ուկրաինայում էլ հայտնել են օգոստոսի 17-ի գիշերը Ռուսաստանի կողմից տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակումների, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով հարվածի մասին։
Ինչպես տեղեկացրել է RBC-Ukraine-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՌՕՈՒ-ին, ռուսական ԶՈՒ-ն արձակել է 60 «Շահեդ» գրոհային ԱԹՍ-ներ և տարբեր այլ տեսակների անօդաչու թռչող սարքերի նմանակներ հինգ ուղղություններից՝ Կուրսկ, Բրյանսկ, Միլլերովո, Պրիմորսկո-Ախտարսկ, Շատալովո։
Նշվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում և արևելքում չեզոքացրել են 40 անօդաչու թռչող սարք։
Ըստ Ուկրաինայի ՌՕՈՒ-ի՝ առաջնագծի 12 վայրերում գրանցվել է հրթիռային հարված և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները գրանցվել են Խարկովի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում։