Foto

Սերբիայի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել

Բելգրադում ոստիկանությունը արցունքաբեր գազ և մարդկանց ամբոխը կառավարելու համար նախատեսված մեքենաներ է օգտագործել՝ իրենց ուղղությամբ պայթուցիկներ նետող ցուցարարներին ցրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ցուցարարները հավաքվել են տեղի ժամով 20:00-ին բանակի շտաբի շենքի առջև: Մի քանի ժամ անց նրանք սկսել են պայթուցիկներ նետել ոստիկանների վրա։

Այրվել են աղբամաններ ու մեկ ծառ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին հեռացնելու նպատակով։

Բողոքի ցույցեր են անցկացվել մի քանի այլ քաղաքներում ևս՝ Նովի Սադում, Նիշում, Կրագուևացում և Վալևոյում։ Նիշում նույնպես արցունքաբեր գազ է օգտագործվել։ Վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Սերբիայում արդեն 9 ամիս շարունակ բողոքի ցույցեր են անցկացվում՝ Նովի Սադում վերանորոգված երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով 16 մարդու մահվան պատճառով: