Foto

Նեթանյահուն ինքնին խնդիր է դարձել․ Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրուկ քննադատել է իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուին։

Դանիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է Jyllands-Posten-ին տված հարցազրույցում։

Ֆրեդերիկսենն ուղղակիորեն ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «այժմ ինքն է խնդիր»։

«Անզեն աչքով էլ ակնհայտ է, որ մեզ համար շատ, շատ դժվար է ազդել Իսրայելում տեղի ունեցողի վրա», - նշել է Դանիայի վարչապետը։

Նա քննադատել է Գազայի հատվածում ծանր մարդասիրական իրավիճակը և Արևմտյան ափին Իսրայելի նոր բնակավայրերի կառուցման ծրագրերը։

«Մենք այն երկրներից մեկն ենք, որը ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա, բայց դեռևս չունենք անդամ պետությունների աջակցությունը», - ասել է Ֆրեդերիկսենը։

Նա նշել է, որ նկատի ունի քաղաքական ճնշում և թիրախային պատժամիջոցներ որոշակի իսրայելցի պաշտոնյաների և բնակիչների, բայց, հնարավոր է, նաև ամբողջ Իսրայելի դեմ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և գիտական համագործակցությունը։

Վարչապետը հավելել է, որ Իսրայելի իշխանությունները «չափազանց հեռու են գնացել», բայց Դանիան ընդհանուր առմամբ դեռևս աջակցում է Իսրայելին։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը առաջարկել էր մասնակիորեն կասեցնել Իսրայելի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը ֆինանսավորում է գիտական հետազոտություններ և ստարտափներ,՝ կապված Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։

tert.am