Մաթեմ չիմացող իշխանություններն այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Եկեք հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ստանալ Հայաստանը որպես տրանզիտային երկիր։
Այս պահին, Ադրբեջանով դեպի Թուրքիա անցնող գազամուղը, նավթամուղը, երկաթգիծն անցնում է Վրաստանով, որի դիմաց Վրաստանը ստանում է եկամուտներ։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից, որով անցնում է ադրբեջական նավթի մոտ 80%-ը, Վրաստանը ստանում է մոտ 60 մլն դոլար եկամուտ։
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից, որով անցնում է ադրբեջական գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը, Վրաստանը ստանում է 5% գազ՝ որպես տրանզիտային վճար։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտ 200 մլն դոլար։
Վրացական երկաթուղու շահույթը տրանզիտ բեռնափոխադրումներից կազմել է մոտ 20 մլն դոլար։
Արդյունքում Վրաստանը ստանում է մոտ 280 մլն դոլարի եկամուտ։
Հիմա գանք Հայաստան։
Ակնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։
Ամեն դեպքում, ենթադրենք, որ Հայաստանով կանցնի ադրբեջական գազի և նավթի արտահանման 25-30%-ը, որի դիմաց Հայաստանը կստանա մոտ 70 մլն դոլար:
Երկաթգծի պարագայում հնարավոր է Հայաստանը գտնվի ավելի շահեկան դիրքերում և ենթադրենք Վրաստանով անցնող ամբողջ ծավալը կանցնի Հայաստանով։
Արդյունքում Հայաստանը կստանա մոտ 90 մլն դոլար եկամուտ, որի կեսը կգնա ԱՄՆ-ին, կեսը կմնա Հայաստանին։
Այդ 45 մլն դոլարը կկազմի բյուջեի եկամուտների 0,6 %-ը, որը կբավականացնի բարձրացնել կենսաթոշակները 3,000 դրամով»,- գրել է նա: