Foto

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի, ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ հստակեցվում է կիբեռանվտանգության ոլորտի պետական քաղաքականությունը մշակող մարմնի՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և կիբեռանվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումն ապահովող մարմնի՝ ի դեմս Ինքնավար մարմնի, ինչպես նաև նշված ոլորտում պետական այլ իրավասու մարմինների լիազորությունները: Որոշման մշակման հիմքում դրված են ԵՄ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի 2022/2555 դիրեկտիվի (NIS 2) կարգավորումները, ինչպես նաև ուսումնասիրվել և հաշվի է առնվել Էստոնիայի, Մոլդովայի, Սինգապուրի, Ալբանիայի,Վրաստանի, Ուզբեկստանի և այլ երկրների միջազգային փորձը:

Որոշման ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։

Որոշման ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի՝ միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

Որոշմամբ առաջարկվում է, որ նոր ձևավորվող մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվեն տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը կհամարվի պետական ծառայության առանձին տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են Նախագծով: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ: