Foto

Շիրակի մարզում՝ նոր կառուցվող դպրոցում, վերամբարձ կռունկից կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. վերջինը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:

Ըստ նախնակնա տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փատով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցը կառուցվում էր ՀՀ կառավարության հովանավորությամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Շինարարության մեկնարկը տրվել է 2024 թվականի դեկտեմբերի 24-ին: