ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«2025թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ո՛չ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։
ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհահասարակշիռ որոշումներն ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։
Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների և ամբոխավարության քողի ներքո ոտնատակ են տրվել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային և անհեռանկար քաղաքականության արտացոլանք հանդիսացող, իր էությամբ հակապետական հայտարարությունը մեկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրավունքների, օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրություն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։
Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման և ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազավթման, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների և արցախահայության վերադարձի իրավունքի ոտնահարման և հանուն շահի այս ամենի վրա մեծ տերությունների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը ո՛չ միայն իրատեսական չէ, այլև բնույթով՝ կապիտուլյացիոն:
Ըստ այդմ
• Հայտարարում ենք՝ Արցախի հակամարտությունը լուծված չէ, և միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ-ն, որպես այս խնդրի կարգավորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ, պարտավոր են գործել այն հանգուցալուծելու ուղղությամբ։
• Ընդգծում ենք՝ ստորագրված հայտարարությունը, ըստ էության, օրինականացնում է միջանցքի գաղափարը և ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը։
• Հաստատում ենք՝ ցանկացած անվամբ և կարգավիճակով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելն իրականում «թուրանական միջանցքի» իրացում է և Հայաստանի իքնիշխանության ոտնահարում։
• Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակում, Արցախի հայության հավաքական, անվտանգ, երաշխավորված և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծում։
• Համոզված ենք, որ ռազմական գործողությունների և ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։
Հ.Յ.Դաշնակցությունը հավատարիմ է մնում ժողովրդավարության, արդարության և արժանապատիվ խաղաղության հաստատման միջազգային սկզբունքներին։
Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ
09 օգոստոսի, 2025թ․»։