Foto

Սևանա լճում անցկացվում է առագաստանավային սպորտի հուշամրցաշար

Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Սևանա լճում անց է կացնում  Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:Հուշամրցաշարը մեկնարկել է oգոստոսի 5-ին, կեզրափակվի օգոստոսի 10-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունն  այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել են մեծ պատասխանատվությամբ:

ՀՀ առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանի հավաստմամբ՝ այս  մարզաձևի տարածման ու զարգացման համար իրենք անում են հնարավորը, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազմաթիվ մրցանակակիրներ:

«Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս  հուշամրցաշարն էլ իր հերթին  ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը»,-նշեց Սմբատ Հակոբյանը:

Հուշամրցաշարը սպասարկում են միջազգային կարգի մրցավարներ Յանա Դոբժինսկայան և Աննա Դեանովան։ Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով: