ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատել է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։
Ռուսական URA.ru-ն ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։
«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», — պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ-ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։
Հիշեցնենք` Սպարտակյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է։ Ինչ վերաբերում է Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել էր, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում գործարարին, քանի որ նա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել: