Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։
Հիշեցնենք, որ Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է հուլիսի 19-ին։
Պաշտպան Գրիգոր Մղդեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։
Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։