Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը ստեղծել են համատեղ ջոկատ և դուրս են եկել Ճապոնական ծով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկային առաջադրանքներ կատարելու համար», - ասվում է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Համատեղ պարեկության հիմնական խնդիրներն են Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, ծովային ջրատարածքի մոնիթորինգը և ՌԴ-ի ու ՉԺՀ-ի ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պահպանումը», - հայտարարում է Խաղաղօվկիանոսյան նավատորմը։
Սա թվով հինգերորդ ռուս-չինական ռազմածովային պարեկությունն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն այն կանոնավոր կերպով անցկացնում են 2021 թվականից։ 2019 թվականից ի վեր Մոսկվան և Պեկինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում օդային տարածության համատեղ պարեկություն են անցկացնում ռազմավարական ավիացիայի մասնակցությամբ։
Ավելի վաղ ռուսական և չինական նավերը վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովում։ Դրա շրջանակներում նավերի անձնակազմերը կատարել են գործնական հրետաձգություն, մշակել հակասուզանավային և հակաօդային պաշտպանության առաջադրանքներ, ինչպես նաև որոնողափրկարարական գործողություններ ծովում։
Չինաստանի հետ մի շարք զորավարժությունների անցկացումը Ռուսաստանի արձագանքն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներուժի մեծացմանը, 2022 թ. դեկտեմբերին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։