Վերջին
շրջանում հավաքների, բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ հաճախ են
քաղաքացիները ենթարկվում վարչական ձերբակալման։ Արդյո՞ք իրավաչափ է ձերբակալումը,
ի՞նչ իրավունքներ ունի
ձերբակալման ենթարկվածը և ի՞նչ պարտականություններ ունի օրենքի ներկայացուցիչը։
Այս և նմանատիպ հարցեր Vesti.am-ը
ուղղել է EVN Legal Solutions ընկերության տնօրեն, փաստաբան, ի.գ.թ Դավիթ Հունանյանին։
-
Պարո՛ն
Հունանյան, ի՞նչ է վարչական ձերբակալումը և ե՞րբ է այն կիրառվում։
-
Բնականաբար, այն պետք է կիրառվի, երբ խախտվում է վարչական
իրավախախտումների մասին օրենքը։ Կատարվում է մի քանի նպատակներով՝ մասնավորապես
անձին նույնացնելու, արձանագրություն կազմելու, ժամանակին և օբյեկտիվ քննություն
իրականացնելու և այլն։ Իշխանության ներկայացուցիչը պետք է անհապաղ տեղյակ պահի
քաղաքացուն, թե ինչո՞ւ է իր ազատությունը սահմանափակում՝ ներկայացնի հիմքերը, ապա
նաև բանավոր այդ պահին ծանուցի նրա իրավունքների և պարտականությունների մասին։
Հավանաբար, ֆիլմերից էլ հնարավոր է հիշել, որ ձերբակալվածին տեղեկացնում են, թե ինքն
ինչ իրավունքներ ունի և ինչ պարտականություններ։ Օրենքի կարգավորմամբ՝ նույն
պահանջը մեզ մոտ է գործում դեռ 2007թ-ից, սակայն իրավակիրառ պրակտիկայում
խախտումներն ակնհայտ են։
-
Պրակտիկայում,
հաշվի առնելով, որ հատկապես բողոքի ակցիաների ժամանակ բերման են ենթարկվում մեծ
թվով քաղաքացիներ, դժվար է պատկերացնել, որ բոլորին հնարավոր լինի սեղմ ժամկետում
ծանուցել իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Արդյո՞ք բոլոր վարչական
ձերբակալման դեպքերն են այս իրավիճակներում համարվում ոչ իրավաչափ։
-
Անկախ ամեն ինչից, ըստ կարգի, պետք է վարչական ձերբակալման
ենթարկված անձն անմիջապես տեղեկացվի իր իրավունքների և իր ազատությունը
սահմանափակելու հիմքերի և պատճառների մասին։ Բացի այդ, ոստիկանության բաժին
հասնելուն պես կազմվում է արձանագրություն՝ վարչական ձերբակալման ենթարկվածի
ազատությունը սահմանափակելու հիմքերի, պատճառների, իրավունքների ու պարտականությունների
մասին ծանուցելու վերաբերյալ։ Կարևոր է, որ մարդ-իշխանության ներկայացուցիչ շփումը
լինի իրավական հարթությունում: Հակառակ դեպքում՝ քաղաքացու իրավունքների
ոտնահարում տեղի կունենա։ Տեղեկացված
լինելը նույնիսկ հոգեբանական խնդիրն է հարթում։
-
Որքա՞ն
ժամանակով կարող է քաղաքացին զրկված լինել ազատությունից։
-
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, բավականին բացեր
ունի, դեռևս ԽՍՀՄ տարիներից է գործում, սակայն դրա վերաբերյալ կան Սահմանադրական
դատարանի որոշումներ, ժամանակին Մարդու իրավունքների պաշտպանն է մի քանի տարբեր
պարզաբանումներ խնդրել, և այսօր գործում է 3 ժամը, որը հաշվարկվում է ձերբակալման
պահից և ոչ թե ոստիկանության բաժին հասցնելու պահից։ Իսկ դա սովորաբար չի
պահպանվում։ Նման դեպքում պետք է սկսվի ծառայողական քննություն, որը իրավակիրառ
պրակտիկայում շատ քիչ է հանդիպում։
-
Շատ հստակ
խնդրում եմ ձևակերպեք, թե վարչական ձերբակալման ենթարկված անձն ի՞նչ իրավունքներ
ունի։
-
Կառավարության որոշման համաձայն՝ ազատության սահմանափակման
պահից քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ազատության սահմանափակման պատճառները,
հիմքերը, ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անուն-ազգանունը, ստանալ
իրավաբանական օգնություն, բացատրություններ տալ, հրաժարվել բացատրություններ
տալուց։ Այս դեպքում, եթե քաղաքացուն չի ասվել, որ իրավունք ունի բացատրություն
տալուց հրաժարվել, ապա վերցված բացատրությունը կհամարվի օրենքի խախտմամբ ձեռք
բերված։ Քաղաքացին նաև իրավունք ունի տվյալ պահին ծանոթանալ այն փաստաթղթերին,
որոնք կազմվել են իր վերաբերյալ։ Եվ անկախ նրանից՝ նա պահանջո՞ւմ է այդ
փաստաթղթերը, թե՞ ոչ, միևնույն է՝ պետք է տրամադրել։ Անձը կարող է պահանջել, որ 3
ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի և տեղի մասին հայտնեն իր կողմից նշված անձին։
Անհրաժեշտության դեպքում կարող են ստանալ բժշկական օգնություն։ Կարող են պահանջել,
որ իր կամ իր ընտանիքին և գույքին սպառնացող վտանգը վերացնեն, ինչպես նաև պահպանեն
իր տիրապետության տակ գտնվող և առանց հսկողության մնացած գույքը։ Օրինակ՝ իրեն
ձերբակալել են, բայց իր տրանսպորտային միջոցը մնացել է առանց հսկողության։
Քաղաքացուն պետք է նաև հնարավորություն տրվի ծանոթանալ իր ազատությունը
սահմանափակելու բողոքարկման կարգին, օրինակ՝ վերադասության կարգով արագ բողոքարկման
հնարավորությանը և այլն։ Բացի այդ, կարող է իր իրավունքների և պարտականությունների
մասին բանավոր ծանուցումը պահանջել գրավոր եղանակով։
-
Ո՞րն է
իրավաչափ ուժի կիրառումը։
-
Օրինակ՝ ոստիկանության նկատմամբ ուժի կիրառմանն ի պատասխան,
ոստիկանության ծառայողն օգտվում է արդեն Քրեական օրենսգրքով սահմանված անհրաժեշտ
պաշտպանության իրավունքից և կարող է համարժեք պատասխան տալ։ Իսկ եթե քաղաքացին
ձերբակալման համար որևէ խոչընդոտ չի ստեղծում, բայց իրեն ձերբակալելու համար ուժ
են կիրառում, որևէ դեպքում իրավաչափ չէ։
-
Ոստիկանների կողմից, հատկապես հավաքների ժամանակ, բերման
ենթարկելիս, տեսնում ենք ուժի կիրառման բազմաթիվ դեպքեր՝ արդեն ոստիկանական
մեքենայում գտնվող անձին հարվածելու դեպքեր, ապտակելու դեպքեր և այլն։ Այս դեպքերը կարո՞ղ են լինել իրավաչափ։
-
Եթե ձերբակալված անձը փախուստի է դիմում կամ ոստիկանի
նկատմամբ բռնություն է կիրառում՝ կան կարգավորումներ, թե ինչ աստիճանի պետք է լինի
ուժի կիրառումը։ Մնացյալ բոլոր
դեպքերում բռությունն անընդունելի է։
-
Ծեծի դեպքերը
չեն ավարտվում նաև ոստիկանության բաժնում։ Նման դրսևորումները կարո՞ղ են իրավաչափ
լինել։
-
Ոստիկանության բաժնում ցանկացած բռնության դրսևորումն
անընդունելի է։ Պետք է քննության առարկա դառնա։ Սա արդեն ոչ թե իրավունքի, այլ՝ իրավակիրառ
պրակտիկայի հարց է։
-
Պատժվողներ դեռ
չկան՝ օրենսդրությո՞ւնն է թույլ, թե՞ քաղաքական որոշումներով է պայմանավորված։
- Ցանկացած երկրում օրենքը ոչ թե թույլ կամ ուժեղ է, այլ թերի կամ արդյունավետ է կարգավորում հարաբերությունը, իսկ օրենքի թերի կիրառումն արդեն իրավակիրառ դաշտում գտնվող խնդիր է։ Դրդապատճառները կարող են լինել բազմաթիվ, այդ թվում՝ Ձեր կողմից նշվածը։