Foto

Ես տեսել եմ, որ հայկական կոնյակ արտադրվում է ՀՀ-ից դուրս ու վաճառվում, դրա դեմ պետք է պայքարենք. Մհեր Գրիգորյան

Ամենամեծ տուժողը այս պատմության որակյալ արտադրանք տվողն է, և մենք պիտի շատ հոգատար լինենք մեր արտադրանքի ռեպուտացիայի նկատմամբ, որովհետև մեկ անորակ խմբաքանակի պատմությունը մամուլում սկսում է շրջանառվել, թափառել և դառնալ գնահատական ընդհանուր արտադրանքի մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով արտահանվող կոնյակի որակին։

«Սա անթույլատրելի է ուղղակի։ Այդքան խոսում ենք կոնյակի մասին, բայց ես վստահ եմ, որ 95 և ավել տոկոս արտադրանքը որակյալ արտադրանք է։ Պիտի շատ ուշադիր լինենք, ես տեսել եմ դեպք, երբ հայկական կոնյակ արտադրվել է ոչ Հայաստանում և վաճառվում է։ Բնականաբար, այդ որակի գնահատման ազդեցությունը սկսում է տարածվել մեր արտադրանքի վրա, դա էլ է պրոբլեմ, որը պիտի մեխանիզմ գտնենք՝ ոնց մոնիտորինգ անենք։

Դա գյուղմթերքին էլ է վերաբերվում, ես գիտեմ շուկաներ, որտեղ ոչ հայկական գյուղ մթերքը վաճառվում է որպես հայկական, որովհետև հայկական տվյալ արտադրանքը ունի լավ ռեպուտացիա։ Այստեղ էլ պիտի շատ ուշադիր լինեք»,– ընդգծեց Մհեր Գրիգորյանը։