Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երևանի հետ Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Ռուսաստանի կառավարությունն այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատ 2025 թվականի հուլիսին։
Նոր փաստաթուղթը փոխարինում է համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների վերաբերյալ 1997 թվականի համաձայնագիրը: Այն ապահովում է համալսարանի գործունեության հետ կապված իրավական կարգավորման շարունակականությունը:
Հայ-Ռուսական համալսարանը Երևանում գործում է 1997 թվականից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համաձայնագրի շրջանակներում։ Համալսարանը կրթություն է տրամադրում ռուսերենով և հայերենով: