Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Այս մասին նշել է երկու ամսով կալանավորված նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլաեթացումը։ Նաև ակնհայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի և Ռուսաստանի իրական դերակատարությունը՝ Արևմուտքի որոշ կառույցների համաձայնությամբ և հովանավորչությամբ։
Փաստաթղթի ստորագրման նախապայմաններից է նաև դեռևս գործող միակ կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին մանկապղծության, սրբապղծության ու բարեվարքության մեջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ նվաստացնելն ու հասարակության մոտ վարկաբեկելը։
Թշնամին չի ներում Արցախի էթնոզտման ու Բաքվի բանտերում հայ ռազմագերիների մասին Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի հայտնի ելույթը, և ազգադավի միջոցով փորձում է պատասխանել այդ ելույթին։ Եվ ամենօրյա ռեժիմով թշնամու առաջ կռացած Հայաստանի վարչապետ կոչվածն իրականացնում է թշնամու հրահանգը։
Այդ փաստաթղթում նախատեսվում է նաև հետևյալ ծրագրի իրականացումը․ մինչև 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները որոշ իմիտացիոն պատկերներ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացման և բարելավման մասին։ Այնուհետև դրան հետևելու է ժողովրդի էմոցիայն գողացող քարոզչական շքերթ՝ խաղաղության, երկրի անվտանգության, տնտեսության հետագա զարգացման մասին խորախորհուրդ քաղաքագիտական վերլուծություններ։
Այս նենգ ու ազգադավ ծրագրի մարտավարական նպատակը հստակ է՝ հասարակության զգացմունքների վրա խաղալով՝ հիմքեր ստեղծել 2026թ․ ԱԺ ընտրություններում իշխանության վերարտադրման համար։ Իսկ եռակողմ մշակված այս ծրագիրն իրականացելուց հետո ընդամենը կես քայլ է մնում Հայաստանի վերջնական վիլաեթացմանը։
Հետևաբար, չպետք է թույլ տալ այս ծրագրի ուղեկցությամբ գնալ ԱԺ ընտրությունների։ Անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և ազգադավին հրաժարական պարտադրելու համար։
Հարգելի ընդդիմություն
Համոզված եմ, որ Հայաստանի սրընթաց հագագահավիժումը կանխելու միակ ճանապարհը մեկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելն է։ Նաև համոզված եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհն ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցությամբ համապետական հանրահավաքի նախապատրաստումն ու անցկացումն է։ Հանրահավաքը պետք է զերծ լինի ժողովրդին հիասթափեցնող ավելորդ դասախոսություններից և պետք է ունենա հստակ շեշտադրում՝ ինչպես պարտադրել այդ հրաժարականը և շարունակել մինչև ծրագրի ամբողջական իրականացումը։ Փաստարկված օրինակներով հասարակությանը հստակ բացատրել, որ բոլոր այս դժբախտությունների հիմքում գործող վարչապետի մի շարք հակասահմանադրական քայլերն են և թվարկել դրանցից մի քանիսը։ (Այս թեմային որոշ մանրամասնություներով անդրադարձել եմ նաև իմ ֆեյսբուքյան էջում՝ կալանավորվելուց ընդամենը մի քանի օր առաջ):
Անհրաժեշտ է նաև քաղաքական հիմնական դերակատարների մասնակցությամբ ձևավորել 6-8 ամիս տևողությամբ ժամանակավոր կառավարություն։ Այն պետք է ունենա գործնական ծրագիր՝ վերականգնելու վստահելի հարաբերություններ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցների, ալև միջազգային կռույցների ու դիվանագիտական ամբիոնների հետ։
Այդ ընթացքում պետք է կարողանալ նաև վստահելի քայլերով հնարավորինս չեզոքացնել մեր ներքին կյանքում առկա հատվածային անտագոնիզմն ու անհանդուրժողականությունը և նախատեսված ժամկետում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրություներ։
Կատեգորիկ չեմ այս մոտեցումներում, կարող են քննարկվել նաև այլ տարբերակներ։ Բայց հասարակության ուշադրությունը չպետք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարավորություն չունեցող տարբերակներով։
Իսկ երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը։
Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ
28․07․2025թ․