Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։ Իր ելույթում նա կարևորել է պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև սերտ համագործակցության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Միջոցառումը նվիրված էր ոլորտի փորձագետների կողմից պատրաստված «2022-2024 թթ. ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներ» զեկույցի ներկայացմանը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև «Ընտանեկան բռնության գործերով դատավարական արդյունավետության բարելավման հեռանկարները» վերտառությամբ պանելային քննարկման ընթացքում՝ ներկայացնելով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու նախատեսվող քայլերը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում «ողջամիտ ժամկետ» հասկացության բովանդակային հստակեցման նպատակով մշակված օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է սահմանել գործերի քննության ուղենիշային ժամկետներ։ Նա շեշտել է, որ դատավարական ժամկետների կանխատեսելիությունն ու արդյունավետ կառավարումը բացառիկ կարևորություն ունեն հատկապես ընտանեկան բռնության գործերի դեպքում, որտեղ ցանկացած անհիմն ձգձգում կարող է խաթարել զոհերի իրավունքների իրացումը և բացասաբար ազդել նրանց անվտանգության վրա։
Աննա Կարապետյանը հատուկ ընդգծել է դատավորների առանցքային դերը ընտանեկան բռնության գործերով արդարադատության արդյունավետ իրականացման հարցում՝ նշելով, որ նրանց կողմից կայացվող որոշումները որոշիչ են ինչպես զոհերի իրավունքների պաշտպանության, այնպես էլ ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից։ Այս համատեքստում նա կարևորել է ընտանեկան բռնության առանձնահատկությունների վերաբերյալ դատավորների մասնագիտական հզորացումն ու վերապատրաստումը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Արդարադատության ակադեմիայի կողմից դատավորների, դատախազների և քննիչների ու վերջիններիս թեկնածուների համար իրականացվող ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության թեմաներով շարունակական վերապատրաստման դասընթացները: Նա նշել է, որ կրթական ծրագրերում կարևոր ուղղություն է նաև գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, որոնք հաճախ խոչընդոտում են թե՛ արդարադատության իրագործմանը, թե՛ ընտանեկան բռնության արդյունավետ արձագանքմանը։
Ելույթի ավարտին անդրադարձ է կատարվել խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում Արդարադատության նախարարության կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսված գործնական բնույթի միջոցառումներին։