Foto

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, սակայն ինքը չի շտապում դա անել։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Նրանք կցանկանային բանակցել։ Ես չեմ շտապում բանակցություններ անցկացնել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց  (միջուկային) օբյեկտը»,- նշել է նա՝ անդրադառնալով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին։

Թրամփը նաև նշել է, որ այդ հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտը։ 

«Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել նորից։ Ավերածություններն այնպիսին են, որ այն (օբյեկտը) այլևս հնարավոր չէ օգտագործել։ Նրանք ստիպված կլինեն ընտրել մեկ այլ լեռ», – ասել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե Իրանի Իսլամական Հանրապետության որ օբյեկտի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ֆորդոյի միջուկային օբյեկտը։

Axios լրատվական հարթակի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնել են օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների»։