Foto

«Հերթական քաղաքական հետապնդում է. Դաշնակցության 7 անդամներ բերման են ենթարկվել». փաստաբան

«Դաշնակցության 7 անդամներ են ձերբակալվել, կարծում եմ 72–ժամյա ռեժիմով նրանց կպահեն։ Թե հետո ինչ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ այս ամենը անհիմն և ապօրինի է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ քննչական կոմիտեում նրանց թույլ չեն տվել ներս մտնելու և բերման ենթարկված անձանց պաշտպանությամբ զբաղվելու, ինչից հետո փաստաբանները բոյկոտել են տեղի ունեցողն ու հեռացել ՔԿ–ից։

«Մեր հեռանալուց անմիջապես հետո քննիչներն ու ոստիկանները կապնվեցին մեզ հետ, ասացին, որ կարող ենք գնալ քննչական կոմիտե։ Պարզ է, որ դա պայմանավորված էր մեր հայտարարությամբ, որովհետև նրանց վատ վիճակում էինք դրել։ Սակայն մենք մեր բոյկոտը շարունակեցինք և կարծում եմ՝ դա ճիշտ քայլ էր, որովհետև չենք ուզում մեր մասնակցությամբ լեգիտիմացնել այս ամենը։ Ե՛վ Բագրատ Սրբազանի, և՛ Միքայել Սրբազանի, և՛ Սամվել Կարապետյանի գործով ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Կարելի է ասել՝ իրավաբանությունը նմանատիպ գործերում չի աշխատում»,–ասաց փաստաբանը։

Ինչպես Սերգեյ Հարությունյանն է բնորոշում, այսօր տեղի ունեցած խուզարկությունների ու դրանց հաջորդած ձերբակալությունների հիմքում զավեշտալի մի պատմություն է ընկած։

«Մի տղայի մոտ երկու օր առաջ հայտանբերել էին strikeball–ի ատրիբուտներ, սպորտային պարագաներ։ Իմանալով, որ այդ տղան դաշնակցության երիտասարդական կազմակերպության անդամ է, հասկացել էին, որ այդ ամենը կարող են կապել դաշնակցության հետ։ Եվ այսօր առավոտյան արդեն դաշնակցության երիտասարների տներ են գնացել, խուզարկություններ են իրականացրել, ապօրինի կերպով առգրավել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Ու այդպես շոուն շարունակվում է։ Կա՛մ կբերեն կկապեն Բագրատ Սրբազանի գործին, կա՛մ կհայտարարեն, որ ևս մեկ ահաբեկչական խումբ են բացահայտել»,–նշեց Հարությունյանը։

Անդրադառանլով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանն այն մասին, որ խուզարկությունների արդյուքնում ռազմամթերք է հայտնաբերվել, փաստաբանն ասաց.

«Ես տեղյակ եմ, որ հայտանբերված բոլոր զենքերն օրինական են, իմ պաշտպանյալի տնից որսորդական 3 զենք էին հայտնաբերել, որոնք օրենքով սահմանված կարգով ձեռք էին բերվել որսորդական խանութից։ Նռնական հայտնաբերվել է, թե ոչ, ես չգիտեմ։ Նաև չգիտեմ՝ դրանք մարտական են, թե ոչ։ Դա արդեն հետո կիմանանք։ Պարզ է չէ՞, ինչ է կատարվում. մենք մեր պրակտիկայում գիտենք, որ փորձաքննությունների արդյունքները ամիսներ կամ շաբաթներ անց են հայտնի դառնում, իսկ այսօր րոպեական հայտնի դարձան արդյունքները։ Պարզ է չէ՞, որ այս ամենը քաղաքական հետապնդում է դաշնակցության նկատմամբ»։