Foto

Էստոնիայի նախագահն արգելափակել է Ռուս ուղղափառ եկեղեցու հետ էստոնական եկեղեցու կապերն արգելող օրենքը

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի միջամտության շնորհիվ Մոսկվայի հետ կապված Էստոնիայի ուղղափառ եկեղեցու դեմ օրենքը ուժի մեջ չի մտնի։ Էստոնիայի նախագահը երկրորդ անգամ է վետո դրել եկեղեցու մասին օրենքի վրա։ Այս մասին տեղեկացնում է deutsche welle-ն: 

Օրինագծի երկրորդ տարբերակը նույնպես անհամաչափորեն սահմանափակում է միավորման և կրոնի ազատությունը, ինչը հակասահմանադրական է, ասել է նախագահը։ Կարիսը նշել է, որ խորհրդարանը փոփոխություններ է կատարել օրինագծի տեքստում, բայց դա բավարար չէ։

Ավելի վաղ նախագահը վետո էր դրել վիճահարույց օրինագծի վրա 2025 թվականի ապրիլին։ Հունիսին խորհրդարանը որոշ փոփոխություններ է կատարել փաստաթղթի տեքստում։ Եթե օրենքն ուժի մեջ մտներ, Էստոնիայի ուղղափառ քրիստոնեական եկեղեցին վեց ամիս ժամանակ կունենար իր կանոնադրությունից հեռացնելու Մոսկվայի պատրիարքարանի հետ կապերի մասին հիշատակումը։

Օրինագիծն արգելում էր եկեղեցիներին, համայնքներին և վանքերին կազմակերպչական կամ տնտեսական առումով կապված մնալ Էստոնիայի անվտանգությանը սպառնացող օտարերկրյա հոգևոր կենտրոնի հետ։ Խորհրդարանը նաև պարզաբանել է, թե ինչ է նշանակում նման սպառնալիք։