Foto

Գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-ն ասպարեզից հեռացնելու մասին

Mediahub.am-ը գրում է․ «Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում են․ ամեն օր իրավապահները բերման են ենթարկում, ապա կալանքի են տանում մի խումբ «ահաբեկիչների», որոնց բնակարաններից, օրինակ, օրինական զենք, քարտեզ և անգամ ամեն քայլափոխում ազատ վաճառվող խաղեր են հայտնաբերում։  Նշենք, որ վերջին մի քանի օրերին ՀՅԴ-ական քաղաքական գործիչները ևս ակնհայտորեն իրավապահների թիրախում են․ այսօր էլ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել մի շարք դաշնակցականների բնակարաններում։ Նրանցից շատերին բերման են ենթարկել, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն էլ ձերբակալել են։  Ո՞րն է այս ռեպրեսիաների պատճառը, արդյո՞ք իշխանությունը նպատակ ունի հեռացնել Դաշնակցությանն ասպարեզից․ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ, որն այժմ աշխատանքային այցով ՌԴ-ում է։ «Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ։ Որևէ հիմք չկա, ընդամենը փորձում են կեղտոտ և սրիկա քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատությունից զրկելու համար։ Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր գործունեության վրա ազդեցություն ունենալ։ Քանի որ մենք քաղաքական գործունեությունից զատ այլ բան չենք արել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։ Հարցին, թե արդյո՞ք ինքը մտավախություն չունի, որ ի վերջո բոլոր ակտիվ դաշնակցական գործիչները կհայտնվեն անազատության մեջ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի, այնպես չի, որ կկարողանան։ «Փաշինյանն այս քայլով փորձում է նվեր անել Ալիևին։ Եթե նայեք թուրք-ադրբեջանական մամուլը նույն բառերով ու մեթոդներով են աշխատում Դաշնակցության դեմ, ինչպես Civic-ն ու ՀԺ-ն։ Բայց միևնույն է, մեզ լռեցնել չեն կարող»,- ամփոփեց խոսքը Իշխան Սաղաթելյանը»։