Foto

ԵԱՏՄ-ի տարածքում ռոումինգի չեղարկումը նախատեսվում է 2028 թվականի հունվարի 1-ից. ԵԱՏՀ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում բջջային ռոումինգի չեղարկումը պլանավորվում է 2028 թվականի հունվարի 1-ից: Դա կապված է կապի օպերատորների ֆինանսական կորուստների վերացման հարցի լրացուցիչ մշակման անհրաժեշտության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունից:

«2025 թվականի հուլիսի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում հաստատվել է ռոումինգի բնագավառում արդարացի սակագների ներդրման ծրագրի իրականացման նոր ժամկետ՝ 2027 թվականի չորրորդ եռամսյակ: Մինչ այդ հանձնաժողովը նախատեսում է ընդունել բոլոր  անհրաժեշտ որոշումները և ռոումինգը վերացնել 2028 թվականի հունվարի 1-ից: Ռոումինգի չեղարկման (ռոումինգում կապի ծառայությունների համար արդարացի սակագների ներդրման) նախաձեռնությանը հավանություն են տալիս Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները», - ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ նախատեսվել էր ռոումինգը չեղարկել 2025 թվականին, բայց բջջային կապի օպերատորների ֆինանսական կորուստների համահարթման հարցի լրացուցիչ մշակման, ինչպես նաև խարդախ սակագնի կանխման անհրաժեշտության կապակցությամբ կողմերը հետաձգել են չեղարկման ժամկետը։ 

«Դա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին թույլ կտա անդամ պետությունների հետ համատեղ լրացուցիչ վերլուծել միջազգային ինտերկոնեկտի հարկադրույքների մակարդակները, միջօպերատորային ռոումինգային սակագները և մշակել սակագնի օպտիմալ տարբերակ, որը հաշվի կառնի ինչպես բաժանորդների, այնպես էլ կապի օպերատորների շահերը», - հայտնել են ԵԱՏՀ-ում: