Ամոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և ապազգային մթնոլորտի համար։ Այս մասին ուղերձ է հղել Արամ Ա Վեհափառ Հայրապետը:
«Ցավոք սրտի, հայոց լեզվի բառերը բավական չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը։ Մանավանդ՝ վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու հիմնարար կառույցների՝ Սուրբ Էջմիածնի և Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապես ամոթալի և դատապարտելի է։
Իհարկե, ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բևեռացումներ ու բախումներ։ Սակայն անհրաժեշտ է, որ դրանք քննարկվեն հատուկ գործընթացների միջոցով և հանդարտ մթնոլորտում, որպեսզի հնարավոր լինի հասնել համապատասխան լուծումների։
Վեց տարուց ավելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։ Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպեսզի կարողանամ օգնել ստեղծված փոթորիկը գոնե մասամբ հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից և այլ միջոցով հնչած ու շարունակվող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին հակասող արտահայտությունները, ինչպես նաև իրականացվող ձերբակալությունները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք։
Սակայն ես մնում եմ մշտապես պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան և հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պատասխանատուների, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանի դուրս բերելու լավագույն լուծումներ փնտրել»,-նշել է նա։