Foto

Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ. «Տաշիր» ընկերությունների խումբը

Այսօր՝ հուլիսի 8-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խումբը: 

Հաստատում ենք, որ «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի են ունեցել խուզարկություններ ու քննչական գործողություններ։ Ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում  համագործակցել են քննող մարմինների հետ։

Այնուամենայնիվ, չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք։