«Ակնհայտ է, որ այսօր ոչ միայն իմ, այլև ՀՀ–ում որոշ արժեքների, անհատների նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Ես քաղաքական գնահատական չէի տա, եթե գործընթացը, որի շրջանակում ես ցուցմունք եմ տվել 2018 թվականին, հենց այն ժամանակ էլ որոշում ընդունվեր։ Ես քաղաքական չէի համարի, եթե այս գործընթացի հետ կապ չունենար իմ գործընկերը՝ Արծվիկ Մինասյանը»։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հետապնդումների շարքը շարունակական է՝ և՛ հոգևոր աժեքների նկատմամբ, և՛ այնպիսի ազգային բարերարի նկատմամբ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է։ Իսկ այն հետապնդումը, որն իրականացվում է Սրբազանների, Արթուր Սարգսյանի նկատմամբ, միայն քաղաքական ենթատեքստ ունի»,–ասաց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը նշեց, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է, որ ԱԱԾ աշխատակիցները ահաբեկչության նախապատրաստություն են բացահայտել և կանխել, ինչու է այդ մասին տեղեկությունն առաջինը հայտնվում կուսակցական լրատվամիջոցում։
«Ի վերջո, անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Կապրենք, կտեսնենք՝ եղել է ահաբեկչություն, թե ոչ։ Բայց այն, որ մեր ժողովրդի զգալի մասը իշխանությունների դեմ է, և ուզում է, որ նրանք փոխվեն, հստակ է»,–ասաց Սեյրան Օհանյանը։