Foto

Վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները. Արման Թաթոյան

Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: 

«Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի:

Գործադիր իշխանության ղեկավարը իրավապահ մարմիններին ուղղված իր անթաքույց քաղաքական հրահանգներով հեղինակազրկում է նրանց՝ նույնիսկ հրապարակայնորեն հրահանգ տալով` ինչ կարող են անել կամ ինչ չեն կարող անել: Դա արվում է կազմակերպված. ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ անմիջապես լծվում են այդ հրահանգի արդարացմանն ու տարածմանը: Քաղաքական իշխանության մոլուցքն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում, որ վարչապետի ստատուսները նրանցից յուրաքանչյուրի ապօրինությունները հաստատելու հաղթաթուղթ են։

Այսպես են ոչնչացվում իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները: Ստացվում է` բոլորը, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի և մեկ կուսակցության:

Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ որ իրականացվի, վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը։

Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձիշխանություն»,-գրել է նա: