Նիկոլը Հայաստանը հետ չի տարել 1988 թվական, Նիկոլը Հայաստանը հետ է տարել 17-րդ դար։
Հայոց պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, որ «մութ միջնադարի» խավարից հետո Հայաստանի ազատագրության համար ճակատագրական է եղել Հակոբ Ջուղայեցի Կաթողիկոսի նախաձեռնած 1677-ի Էջմիածնի գաղտնի ժողովը, որին մասնակցել են խոջայական տների, Արցախի և Սյունիքի մելիքական տների ներկայացուցիչներ ու բարձրաստիճան հոգևորականներ (թվով 12 մարդ)։
Փաստացի, հայկական էլիտան՝ թուրքական և պարսկական լծի տակ ճկռած հայ ժողովրդի համար ազատագրվելու աշխարհաքաղաքական հնարավորություններ էր տեսել ի դեմս տեխնոլոգիական վերելք ապրող քրիստոնեական եվրոպական տերությունների, և Էջմիածնի ժողովով զարկ տրվեց այդ աշխատանքին։
Հայերի ազատագրության՝ հայկական էլիտայի նախաձեռնած երկարատև դեգերումներն ու դաշնակիցների փնտրտուքն ի վերջո արդյունք տվեցին. պարզվեց, որ կա այդպիսի եվրոպական տերություն, որը կարող է և ցանկանում է զենքի ուժով գալ Հարավային Կովկաս։ Այդ տերությունը Ռուսական կայսրությունն էր, որին Հարավային Կովկաս են հրավիրել հենց հայերը, ինչի համար էլ մինչև այսօր տարածաշրջանի մուսուլմանները հայերին չեն ներում։
Էջմիածնի գաղտնի ժողովից մինչև Արևելյան Հայաստանի ազատագրում գործընթացը տևել է ուղիղ 150 տարի, բայց այն, ինչ հայկական էլիտան որոշել էր, կատարվել է։ Իսկ որոշումը, փաստացի, հետևյալն էր՝ ձգտել անկախության, բայց եթե կայսրության կազմում ենք ապրելու, ապա գոյաբանական հարց է ապրելը քրիստոնեական կայսրությունում։
Արդյունքում 19-րդ դարի սկզբին ի հայտ եկավ ցարական «Армянская область» նախագիծը, հետո՝ ազգային պետականության վերականգնումը, մոդեռնիզացիան, Ղարաբաղի հաղթանակը…
Շուրջ 350 տարվա այս ընթացքի ձեռքբերումների մի մասը Նիկոլը ջնջել է, իսկ հիմա՝ Անկարայի ու Բաքվի հետ ձեռք-ձեռքի տված՝ փորձում է ջնջել մնացած մասը։ Ակնհա՞յտ չէ, որ ամեն գնով «խաղաղության» փաստաթուղթ մուրալը ոչ այլ ինչ է, քան Հայաստանն ու հայերին վերադարձնել 17-րդ դարի կարգավիճակին՝ «միլլեթ» ու «ռայա»։
Ակնհա՞յտ չէ, որ «վիլայեթացման» քաղաքականության շրջանակներում է հարձակումը Հայ Եկեղեցու վրա՝ որպես համահայկական ինստիտուտ ու համահայկական օրակարգերի գրավիտացիոն կենտրոն, որպեսզի 1677-ի ժողովը չկրկնվի։ Չէ՞ որ միայն մենք չէ, որ մեր պատմությունը գիտենք, մեր թշնամիներն էլ մեր պատմությունը գիտեն։
Ի՞նչ է անում Էրդողան-Ալիև զույգը և նրանց վասալ Նիկոլը՝ պարզ է ու հասկանալի։ Թուրքերը ցանկանում են «վիլայեթացնել» Հայաստանը, «միլլեթացնել» հայերին ու Կովկասից դուրս մղել իրենց պատմական հակառակորդ Ռուսաստանին, իսկ Նիկոլը ցանկանում է պահել կառավարչի աթոռը ցանկացած գնով (պետք լինի՝ իսլամ էլ կընդունի)։
Ի՞նչ են անում հայերը կամ ի՞նչ են ուզում՝ անհասկանալի է։ Փաստացի, հայկական էլիտան վախենում է իրար գլուխ հավաքվելուց և ժողովրդին օրակարգ առաջարկելուց։ Ինչի՞ց է վախենում՝ ես չգիտեմ, նույնիսկ ենթադրություններ չունեմ։
Այնուամենայնիվ, պնդում եմ՝ պետք է հետ նայել անցյալին և ստեղծված իրավիճակի համար օգտագործել անցյալի լավագույն փորձը։ Դրանցից մեկը 1677-ի Էջմիածնի ժողովն է՝ մելիքների, խոջաների ու հոգևորականների մասնակցությամբ։
Ըստ էության, Հակոբ Ջուղայեցի Կաթողիկոսն ասել էր՝ հարգելիներս, փրկության շանս է առաջացել, եկեք մեկտեղենք եղած ռեսուրսները՝ հոգևորականների գրագիտությունն ու ինտելեկտը, մելիքների ռազմական կարողություններն ու հեղինակությունը, խոջաների՝ փողը։ Օրակարգը որոշեցին, եղածը մեկտեղեցին, շարժվեցին նպատակի ուղղությամբ և արդյունք եղավ՝ անհավատալի արդյունք։
Հիմա էլ նույն վիճակում ենք։ Էլիտան պետք է հավաքվի ու եղածը մեկտեղի, որովհետև, մեր մեջ ասած, առանձին-առանձին վերցրած՝ մերօրյա խոջաները, մելիքներն ու հոգևորականները իրենցից կրիտիկական ուժ չեն ներկայացնում։
Այդպես է եղել նաև 1677-ին, դրա համար էլ եղածը մեկտեղել են, և այդ մեկտեղվածի վրա է արտաքին ուժը «խաղադրույք» կատարել, որը և վերջնարդյունքում շահել է։
Միհրան Հակոբյանի ՖԲ էջից