«Լիվերպուլը» խորապես վշտացած է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ: 28-ամյա ֆուտբոլիստը և նրա եղբայրը զոհվել են Իսպանիայի Սամորա նահանգում՝ A-52 մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել: Ականատեսների վկայությամբ՝ մեքենան ամբողջությամբ այրվել է, և բոցերը տարածվել են նաև մերձակա բուսականության վրա:
«Լիվերպուլը» հայտարարել է, որ այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ չի տրամադրի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքների, ընկերների, թիմակիցների և ակումբի աշխատակիցների անձնական տարածքը: Ակումբը հավաստիացրել է, որ կշարունակի լիակատար աջակցություն ցուցաբերել նրանց:
Եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ ևս հանդես են եկել սգո հաղորդագրություններով՝ ի հիշատակ «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի, ով մահացել է ավտովթարից Իսպանիայում՝ 28 տարեկանում։
Լիսաբոնի «Սպորտինգը» իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով․ «Այսօր ֆուտբոլային աշխարհը դարձավ ավելի աղքատ։ Ցավակցում ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր մահվան կապակցությամբ։ Ամենախորը զորակցությունը՝ ընտանիքին»։
«Պորտուի» հաղորդագրությունում ասված է․ «Պորտու» ֆուտբոլային ակումբը շոկի մեջ է և խորապես վշտացած։ Մենք խորին ցավակցություն ենք հայտնում Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրեի ընտանիքին ու մտերիմներին։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը գրել է․ «Խորին ցավակցություն ենք հայտնում Դիոգու Ժոտայի հանկարծակի մահվան կապակցությամբ։ Մեր զորակցությունը նրա ընտանիքին, հարազատներին և «Լիվերպուլ» ակումբին»։
Իտալական «Միլանը» նույնպես հանդես է եկել ցավակցությամբ․ «Խորապես տխրել ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր անկեղծ ցավակցությունները՝ նրանց ընտանիքներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր սգում են։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
«Ատլետիկո Մադրիդը» հայտնել է․ «Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի, մահվան մասին լուրը մեզ շոկի մեջ գցեց։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Թող հանգչեն խաղաղությամբ»։
«Բարսելոնան» ևս գրառում է կատարել․ ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցություններն է հայտնում «Լիվերպուլի» խաղացող Դիոգո Ժոտայի և նրա եղբոր՝ մահվան կապակցությամբ։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ»։
«Մանչեսթեր Յունայթեդը» իր հայտարարությունում նշել է․ «Մենք խորապես ցավում ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրեի մահվան կապակցությամբ։ Ցավակցում ենք նրանց ընտանիքին և «Լիվերպուլ» ակումբին»։
«Մանչեսթեր Սիթիի» կողմից հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը․ «Մանչեսթեր Սիթիի ողջ անձնակազմը խորապես ցավում է Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և «Լիվերպուլին» այս դժվարին պահին։ Թող հանգչի խաղաղությամբ»։
Անգլիական «Տոտենհեմը» ևս հրապարակել է սգո հաղորդագրություն․ «Խորապես տխուր ենք Դիոգու Ժոտայի մահվան լուրով։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և «Լիվերպուլ» ակումբին»։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2020 թվականից, որի կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն, նվաճեց երկրի Գավաթը և Լիգայի գավաթը։ Անցած առաջնությունում նա մասնակցել էր 26 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։
Իր կարիերայի ընթացքում Դիոգու Ժոտան ներկայացրել է նաև «Վուլվերհեմփթոն», «Ատլետիկո Մադրիդ», «Պորտու» և «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբները։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա երկու անգամ դարձել է Ազգերի Լիգայի հաղթող։
Աղբյուրը`ArmSport.am