Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է խայտառակ բովանդակությամբ ստատուսներ գրելով, սրբազաններն ու Սամվել Կարապետյանը փակված են ԱԱԾ մեկուսարանում, մեր երկրին, պարզվում է, նոր փորձություն է սպասվում. Էրդողանի հետ հանդիպումից հետո, ըստ օտարերկրյա մամուլի, Փաշինյանն այժմ էլ պատրաստվում է Ալիևի հետ հանդիպմանը։
Ըստ ԶԼՄ–ների՝ Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպում ունենան հուլիսի վերջ Դուբայում։ Արդյո՞ք սա ինչ-որ բան փոխում է Ադրբեջանի քաղաքականության մեջ կամ վարքագծում. Իհարկե՝ ո՛չ: Սյունիքի սահմանը ինչպես լարված էր, այդպես էլ շարունակում է լարված մնալ։ Մարտից սկսած ադրբեջանական ԶՈՒ–ն Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ շարունակաբար կրակ է բացում և այս օրերին էլ ոչինչ չի փոխվել։
MediaHub-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչներից մեկը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են գիշերները կրակել.
«Ադրբեջանցիները չեն դադարում մեր գյուղերի ուղղությամբ կրակել: Լսել ենք, որ Փաշինյանը պետք է Ալիևի հետ հանդիպի, բա հետո՞..., խաղաղության պայմանագրի մասին են խոսում, ի՞նչ խաղաղություն, շարունակաբար կրակում են, սրանց հետ խաղաղություն կլինի՞։ Ե՞րբ են մեզ լսելու, ե՞րբ են մեր մասին մտածելու, կրակոցների տակ ամեն օր ապրում ենք, քնում ենք կրակոցների տակ, ամեն օր էլ վախ կա, բայց դե իրենք մտածո՞ւմ են մեր մասին, իհարկե՝ ո՛չ: Ի՞նչ են քննարկելու Փաշինյանն ու Ալիևը, հաստատ ոչ կրակոցների դադարը կամ խաղաղությունը»,– նշեց նա:
Մեր զրուցակիցն ասաց, որ կյանքը շատ դժվարացել է, սյունեցիները շարունակում են անհանգստանալ կրակոցների մասով․
«Նիկոլ Փաշինյանի ստատուսներն այստեղ էլ ենք տեսնում և կարդում, Փաշինյանը շեղում է ժողովրդին. թող մի օր գան Խոզնավար կամ Խնածախ, տեսնեն իրենց աչքերով և լսեն կրակոցները»,- նեղսրտած հավելեց նա։
Հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տների գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, սակայն, փոխարենը ադրբեջանական կողմն ամեն օր կրակում է և անխնա տարածում Փաշինյանի խայտառակ գրառումները։
Մարիաննա Արամյան