Ադրբեջանը երկար տարիներ քոզարկված քաղաքականություն է վարել՝
իր քաղաքական սուվերենությունն ամրապնդելու հեռահար նպատակադրմամբ:
Քանի դեռ մեր փոքր տարածաշրջանում նրան հակազդող ուժ (բառի բոլոր իմաստներով) կար՝
ի դեմս Հայաստանի և Արցախի, դա նրան չէր հաջողվում և Ադրբեջանի իշխանությունները ստիպված
էին Թուրքիայի, Եվրոպայի, Իսրայելի, Ռուսաստանի ու Ամերիկայի առաջ սողալ, կատարել նրանց
կամքը: Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության
գալուց հետո Ադրբեջանը հնարավորություն ստացավ ատամ ցույց տալ, որովհետև իր սուվերենությունը
բարձրացրեց ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հաշվին, այլ Հայաստանի:
Այո, 44-օրյա պատերազմում հաղթանակի համար նա ժամանակավորապես
հրաժարվեց իր ունեցած սուվերենության մի մասից, որովհետև պարտավորություններ ստանձնեց
Թուրքիայի, Իսրայելի ու նաև Պակիստանի նկատմամբ: Սակայն արդեն Փաշինյանի հետ իր ռազմադիվանագիտական
խաղի ընթացքում, որտեղ վերջինս՝ իր իշխանությունը պահելու մարմաջից դրդված, անհոգնել
զիջումներ կատարեց ոչ միայն Արցախի տարածքի ու բնակչության, այլև ՀՀ տարածքների և սուվերենության
հաշվին, կարողացավ վերականգնել կորցրած դիրքերը և հիմա կարող է ինքնուրույն խաղալ՝
հաշվի չառնելով նույնիսկ իր մերձավոր դաշնակիցների կարծիքը կամ հնարավորությունները:
Հիմա Ադրբեջանը շանտաժի է ենթարկում ավելի բարձր և ուժեղ խաղացողների, որովհետև մեր
փոքր տարածաշրջանում ուղղիղ տեռորի միջոցով դիրքավորվել է որպես թելադրող, «տաք պատերազմի»
ձգան (տրիգեր):
Ադրբեջանը կարող էր դեռ չբացել խաղաքարտերը, եթե Իսրայել-Իրան
12-օրյա պատերազմում Միցյալ Նահանգներին և Իսրայելին հաջողվեր այնպիսի հաջողության
հասնել, որ Իրանը դադարեր ինքնուրույն գործոն և Ռուսաստանի դաշնակից լինելուց: Սակայն
Արևմուտքում հասկացան, որ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու այդ պլանը չհաջողվեց:
Դրա համար է խաղի մեջ մտել Ադրբեջանը՝ վերջնականապես քողազերծվելով:
Ի թիվս այլ պատճառների՝ Ռուսաստանը չի ցանկանում այս սրացումը
նաև այն պատճառով, որ Ադրբեջանի դեմ իր միակ զսպող գործընկերը՝ Հայաստանը, նույնպես
հայտնվել է թուրք-ադրբեջանական ճամբարում: Հայաստանի ու հայ ժողովրդի համար դա ոչ մի
լավ բան չի բերելու, բայց դա Փաշինյանի իշխանության գոյության միակ շանսն է, որի համար
նա պատրաստ է ամեն ինչի:
Փաշինյանի այս աշխարհաքաղաքական դավաճանությունը պայթեցնելու
է աշխարհում առանց այդ էլ անդունդի եզրին հայտնված խաղաղ գոյակցությունը: Իսկ եթե հետագայում
պատմության նոր դասագրքեր գրվեն, ապա բոլոր ժողովուրդների դժբախտությունների հիմնական
պատճառներից մեկն էլ նշվելու է Փաշինյանը՝ այն ամենաէժան «պտուտակը», որը չկատարեց
իր նշանակությունը: