Վերջին շաբաթների աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ու ավելի
են կենտրոնանում Մերձավոր Արևելքի առանցքում։ Միացյալ Նահանգների
նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հնչած հայտարարությունն այն մասին, որ Իսրայելի
և Իրանի միջև ձեռք է բերվել որոշակի հրադադար կամ լարվածության նվազեցման պայմանավորվածություն,
հարուցել է տարաբնույթ մեկնաբանություններ։
Հարցերը շատ են՝ արդյո՞ք հրադադարը կմնա ուժի մեջ, ու՞մ է այն ձեռնտու, արդյո՞ք սա իրականում դադար է ավելի
ուժգին ռազմական էսկալացիայից առաջ և այլն։ Ի վերջո՝ սա հրադադա՞ր է, թե՞ մարտավարական
դադար։ Դժվար է պատկերացնել թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն բացահայտ հարվածներ հասցներ Իրանին
և ապա իր միջնորդությամբ հրադադարի կոչ աներ՝ դեռ նույնիսկ պատերազմ չհայտարարած։ Ի
վերջո ի՞նչ նպատակ ուներ ԱՄՆ-ն՝ տապալել բանակցություննե՞րը, թե՞ այս ամենն ընդամենն
Իրանին վախեցնելու համար էր։ Գուցե նաև հակառակորդի ուժի փորձարկում էր տեղի ունենում։
Այսպես կոչված «հրադադարը»
իրականում ավելի շատ նշանակում է մի պահի ռազմաքաղաքական լարվածության սառեցում, այլ
ոչ թե վերջնական խաղաղության հասնելու ուղիղ քայլ։ Դա խոցելի և ժամանակավոր է, քանի
որ կողմերի միջև առկա են խոր հակասություններ՝ գաղափարականից մինչև աշխարհաքաղաքական։
Իրականում այս «հրադադարը», որի անկեղծությանը փորձագետները չեն հավատում, ամեն դեպքում
շահեկան է բոլոր կողմերի համար։ Իսրայելը ներկայումս բախվում է ինչպես արտաքին ճնշումների,
այնպես էլ ներքին ճգնաժամերի՝ կառավարական լեգիտիմության խնդիրներ, բողոքի ալիքներ։
Հրադադարը թույլ է տալիս կայունացնել իրավիճակը, վերակազմակերպել ռազմական ներուժը, ձեռք բերել նոր ռազմավարական դաշնակիցներ։
Սահմանափակ տնտեսական
ռեսուրսների, պատժամիջոցների և ներքին քաղաքական բարդությունների պայմաններում Իրանի
շահերից էլ է բխում պահպանել հարաբերական կայունություն, հատկապես՝ հաշվի առնելով տարածաշրջանում
իր ազդեցության ցանցի պահպանման անհրաժեշտությունը։
Չնայած հրադադարի հնչեղությանը,
մի շարք վերլուծաբաններ այսպիսի դադարները համարում են ռազմավարական վերախմբավորման
փուլ՝ զենքերի կուտակման, ռազմավարությունների վերագնահատման, դաշնակիցների հետ խորհրդակցությունների
ժամանակաշրջան։ Այլ կերպ ասած՝ սա կարող է լինել նախապատրաստում՝ ավելի լայն բախումների,
եթե կողմերից որևէ մեկը գա այն եզրակացության, որ ստրատեգիական առավելություն ունի։
Ռուսաստանը պահպանում է մեղմ հավասարակշռություն Իրանի և Իսրայելի միջև, չունի ցանկություն՝ ներգրավվելու նոր պատերազմում, բայց շահագրգռված է տարածաշրջանում իր ներկայության շարունակականությամբ։ Ռուսաստանը Իրանի հետ նաև ունի տնտեսական և էներգետիկ շահեր, ուստի նրա դիրքորոշումը կարող է դառնալ միջնորդական կամ կշռող ուժ, եթե բախումները վերսկսվեն։
Հայաստանի համար այս հրադադարը կարող է լինել անուղղակի դրական ազդակ։ Քանի դեռ Իրանը կայուն է՝ Հայաստանը պահպանում է ճանապարհային ելք դեպի արտաքին աշխարհ, շրջանցելով Ադրբեջանի և Թուրքիայի արգելքները։ Գործում է էներգետիկ ու տնտեսական համագործակցության եզր (գազ, բեռնափոխադրում, էլեկտրահաղորդակցություն): Հայաստանը կարող է օգտվել կայունությունից՝ տարածաշրջանային նախաձեռնություններում ավելի ակտիվ ներգրավված լինելու համար։ Սակայն, հակառակ սցենարի դեպքում՝ Իրանի ապակայունացումը կարող է լրջորեն սպառնալ Հայաստանի արտաքին հաղորդակցության ուղիներին։ Ռուսաստանը կարող է առավել սրվել Արևմուտքի հետ, ինչը կարող է դիպչել նաև Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ, բայց արևմտյան ուղղությամբ գնացող երկիր։ Թրամփի միջնորդությամբ հայտարարված հրադադարը ոչ թե խաղաղության հաստատում է, այլ՝ շատ ավելի խոր քաղաքական և ռազմավարական խաղերի ժամանակավոր դադար։ Այն ձեռնտու է բոլոր հիմնական դերակատարներին, սակայն չի վերացնում խնդրի խորքային պատճառները։
Հայաստանը այս լարված
շախմատային տախտակի վրա պետք է գործի խելամիտ և հաշվարկված կերպով՝ ամրապնդելով կապերը
Իրանի հետ, պահպանելով ռազմավարական հավասարակշռություն։