Foto

Աթլետիկայի 3-րդ դիվիզիոնի ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 18 մարզիկով

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 3-րդ դիվիզիոնի Եվրոպայի թիմային առաջնությանը, որը տեղի է ունենալու Սլովենիայում, կմասնակցի 18 մարզիկով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:

Ի սկզբանե հայտավորված 19 մարզիկի փոխարեն Հայաստանի հավաքականում ընդգրկված կլինի 18 մարզիկ` 10 տղա և 8 աղջիկ:

«Հայաստանի հավաքականն իր ուժեղագույն կազմով է ներկայանալու Եվրոպայի թիմային առաջնությանը: Կմրցենք արագավազքում, միջին ու երկար տարածությունների վազքատարածություններում, հեռացատկում ու եռացատկում, ինչպես նաև նետման բոլոր վարժություններում կունենանք մասնակիցներ»,-ասաց Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի համար դրական արդյունք կլինի միջինից բարձր հորիզոնականները զբաղեցնելը:

Հայաստանի հավաքականը Սլովենիա կմեկնի հունիսի 22-ին: