Foto

Կարապետյանի կալանավորումով իշխանությունը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված վիճակով պայմանավորված մոբիլիզացիան կանխել. Տիգրան Աբրահամյան

Սամվել Կարապետյանին կալանավորել են մի նախադասության համար, որն իրավական տեսանկյունից որևէ վտանգավորություն չէր ներկայացնում ՀՀ համար և օրենսդրական տեսանկյունից որևէ առումով չուներ խոցելիություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը եկեղեցու հանդեպ թշնամանքն արտահայտում է նաև բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել Մայր Աթոռին, հոգևորականներին:

«Սա, միանշանակ, քաղաքական հետապնդում է: Փաստացի, Սամվել Կարապետյանն արտահայտել է իր դիրքորոշումը, որը ոչ միայն տարբերվել է իշխանության մոտեցումներից, այլ իշխանության համար առավել վտանգավոր է դիտարկվել այն տեսանկյունից, որ, մեծ առումով, եկեղեցին ունի շատ մեծ հեղինակություն ու հեղինակավոր անձանց սատարումը եկեղեցուն, բնականաբար, իշխանության համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ու հնարավոր հասարակական մոբիլիզացիան։

«Դա, կարծում եմ, որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարն ու այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չեն կարող որևէ սցենարների պայմաններում օգտակար լինել իշխանության համար: Այլ բան է, որ իշխանության համար գլխավոր խնդիրը ոչ թե պետության զարգացումն է, այլ կա ներքաղաքական հաշվարկ՝ ովքեր փորձում են որևէ ձևով խոչընդոտ ստեղծել, թիրախավորում են նրանց ու խաղից հանում»,-ասաց Աբրահամյանը։