Foto

Տաշիր քաղաքում անհանգիստ վիճակ է. ի՞նչ է կատարվում

Նիկոլ Փաշինյանի  սպառնալիքներով լի գրառումներից հետո ուշ գիշերը բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվեց և այս րոպեներին դատարանը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը: 

Համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Տաշիրից Երևան եկող մեքենաները հանգամանորեն ստուգվում են ոստիկանության պարեկային ծառայության կողմից:

Ըստ երևույթի՝ իշխանությունները վախենում են, որ մեծ թվով քաղաքացիներ Տաշիրից կգան Երևան՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի, հատկապես, որ նման կոչով դիմել են Կարապետյանի եղբայրը, եղբորորդին ու նրա դուստրը: 

MediaHub-ի զրուցակիցը Տաշիր քաղաքից հայտնեց, որ երեկվանից անհանգիստ վիճակ է, բոլորն անհանգստացած են  Սամվել Կարապետյանի հետագա ճակատագրով։

Հարցին՝ պարեկները ստուգո՞ւմ են քաղաքից դուրս եկող մեքենաները, մեր զրուցակիցը նշեց՝ իրենը, օրինակ, չեն ստուգել: Սակայն չբացառեց, որ նման բան կա, քանի որ ընդհանուր մթնոլորտը ծանր է քաղաքում:

«Բոլորն անհանգստացած են, մեկ մարդու պես պատրաստ ենք կանգնել Կարապետյանի կողքին»,- ասաց նա։

Նշենք, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քիչ առաջ գրել է․ «Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։ Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից սպառնաց ՀԷՑ-ի բոլոր այն աշխատակիցներին աշխատանքից հեռացմամբ՝ Սամվել Կարապետյանին աջակցելու համար դատարանի բակ գալու համար: Փաշինյանը վստահ է՝ ԶՊՄԿ-ի նման ՀԷՑ-ին էլ շուտով կտիրանան, հետևապես «թող այդ աշխատողները լավ մտածեն, հետո լաց ու կոծ չլինի»:

Մարիաննա Արամյան