Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության այդ տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում ՀՀ ղեկավարության նկատմամբ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ՌԴ արձագանքներին:
«Անմիջապես հետո նույնաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում և խորհդարանի պատգամավորների, նաև կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: ՀՀ-ն սա համարում է որպես ոչ միան հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»,- ընդգծեց արտգործնախարարը:
Միրզոյանը նշեց, որ այս մասին տեղեկացրել են ռուսաստանյան գործընկերներին և կարծում է՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը: