Foto

Ադրբեջանը չունի որևէ պատճառ Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանը որևէ պատճառ չունի Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարո՞ղ է վտանգ ներկայացնել նաև Հայաստանի համար։ 

«Բնականաբար, ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես Հայաստանի սահմանակից երկրում, առաջացնում է մտահոգություններ, որը կարող է ընդհանուր առմամբ լարել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակմանը, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն նման գործողություն սկսելու համար», – ընդգծեց պատգամավորը։

Խանդանյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։
«Հայաստանը աշխատում է, և շարունակվում են բանակցություններն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»,- ասաց նա։ 

Հարցին, թե ինչպիսի՞ն է ռազմական գործողությունների հավանականությունը այս փուլում, Խանդանյանը պատասխանեց․

«Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել՝ ագրեսիայի որևէ առիթ, պատճառ և լեգիտիմություն չկա»։