Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նորընտիր Հռոմի պապի հետ, հայտնում է The Guardian-ը:
85-ամյա դերասանը երկուշաբթի հանդիպել է Լևոն 14-րդի հետ Վատիկանում։ Ներկայումս Պաչինոն գտնվում է Իտալիայում, որտեղ նկարահանվում է Մազերատի ավտոմագնատ եղբայրների մասին ֆիլմում։ Նրա հետ է եղել ֆիլմի պրոդյուսեր Իերվոլինոն:
«Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այսօր առավոտյան Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Աթոռում մասնավոր հանդիպման ժամանակ ընդունել է Maserati: The Brothers ֆիլմի պատվիրակությանը, որի կազմում էին Օսկարի դափնեկիր դերասան Ալ Պաչինոն և ֆիլմի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն», - գրել է պրոդյուսերը։
Variety-ին տրամադրված լուսանկարում երևում է, թե ինչպես է Իերվոլինոն պապին նվիրում ապակեպատ արկղում գտնվող հուշանվեր մեքենա, մինչդեռ Պաչինոն նայում է։
Պաչինոն դաստիարակվել է կաթոլիկ ծնողների ընտանիքում, բայց նրա հավատքը փորձության է ենթարկվել, երբ 2020 թվականին՝ COVID-ով հիվանդ լինելու ժամանակ, շտապօգնության բժիշկները նրան վերակենդանացրել են՝ փրկելով մահից:
«Ես կարծում եմ, որ այդ օրը մահ եմ ապրել», - պատմել է Պաչինոն իր 2024 թվականի «Սոնի Բոյ» հուշագրությունում։
«Ես վերադարձա և կարող եմ ասել, որ այնտեղ ոչինչ չկար։ Ամեն ինչ ավարտվում է։ Դու այստեղ ես, հետո՝ ոչինչ չկա», - նշել է դերասանը։
Աղբյուրը՝ tert.am