Foto

Իրանական հրթիռների 5-10%-ն է հասել Իսրայել, զոհերի թիվը հասել է 24-ի. ԻՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տրամադրել է Իրանի հետ փոխադարձ հարվածների վերաբերյալ առաջին վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռները խոցելու հաջողության ցուցանիշը կազմել է 80-90%։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Նշվում է, որ իրանական բալիստիկ հրթիռների միայն 5-10%-ն է ճեղքել հակաօդային պաշտպանությունը և հասել բնակելի վայրերին։

Գիշերն իրանական հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է ևս 8 մարդ։ Այսպիսով, հունիսի 13-ին սկսված փոխադարձ հարվածների զոհերի թիվն Իսրայելում հասել է 24-ի։ Մեկ մարդ դեռ անհետ կորած է։ 

Իրանն այս օրերի ընթացքում, ըստ ԻՊԲ-ի, Իսրայելի վրա է արձակել շուրջ 350 բալիստիկ հրթիռ։ Իրանական հրթիռային հարվածները հիմնականում կենտրոնացած են եղել Իսրայելի կենտրոնական հատվածի, ինչպես նաև Հայֆայի վրա։ 

Իր հերթին, Իրանը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Զոհվել են նաև բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։