«Ռուսաստանի
նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի
արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, Մոսկվան ակնկալում է, որ՝ հաշվի
առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների
դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի
22-ի հռչակագրում՝ Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ
ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը՝ հատուկ ռազմական գործողության համատեքստում, և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի
և Խերսոնի մարզերի՝ մեր երկրի կողմից պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», - ասել
է Զախարովան։
Նա նաև հստակեցրել
է, թե ինչի դիմաց պիտի Ադրբեջանը գնա այդ քայլին․ «Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը
կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։
Զախարովայի մտքում
երկու ուշագրավ փաստ կա, որը ՀՀ արտաքին հարաբերությունների անհավասարակշռության և
սխալ քաղաքականության մասին են վկայում։ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները դաշնակցային
են դարձել 2022թ-ի փետրվարին, որը որևէ կերպ թույլ տալ չէր կարելի։ Եվ երկրորդ՝ ՀՀ
արտաքին քաղաքականությունը վաղուց դադարել է այնպես անել, որ իր և դաշնակից պետությունների
շահերը համընկնեն։ Հիմա Ռուսատանի նման գերտերությունը, որը տարիներ առաջ չէր ընկալում
Ադրբեջանին որպես առանձին միավոր և խոսույթը հիմնականում Թուրքիայի միջոցով էր, այսօր
արդեն հավասարը հավասարի նման է խոսում Ադրբեջանի հետ։ Մենք ճանաչել ենք, դուք էլ ճանաչեք։
Սա խոսում է հակակշիռները և բանակցային դիրքերը սխալ գնահատելու մասին։ Մենք չկարողացանք
այնպես անել, որ ի օգուտ Արցախի համընկնեն մեր և մեր դաշնակիցների շահերը և դա ամրագրվեց
2022թ-ի փետրվարի 22-ին։
Ի վերջո՝ Ռուսաստանը
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեց միայն Նիկոլ Փաշինյանի Պրահայում Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը ճանաչելուց հետո, որը ներառում էր նաև Արցախը։ 2020թ-ի Ադրբեջանի
կողմից սանձազերծած պատերազմից հետո, հակառուսական հայտարարությունների և գործողությունների
ֆոնին, ՌԴ-ն խաղաղապահներ ուղարկեց Արցախ և շարուանակում էր իր առաքելությունը՝ մինչ
Փաշինյանի ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը և Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը։
Գուցե հակառուսականությունը
բացատրվում է, որ ԵՄ-ի հետ, ի օգուտ Հայաստանի, կարող էինք հասնել խաղաղության և ԱԳՆ-ն գնում է այդ
ուղղությամբ, բայց՝ ոչ, եղավ հակառակը։ Հիմա ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները,
ինչպես նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սերտ են, քան եղել են:
Եթե այն ժամանակ զոհասեղանին Արցախն էր, հիմա Հայաստանն է։ Իսկ խաղաղությանն ուղղված միակ գոյություն
ունեցող փաստաթուղթը, իր բոլոր դրական և բացասական կողմերով, նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարությունն է։