Foto

Քաբուլը հինգ տարվա ընթացքում կարող է ամբողջովին զրկվել ջրից

Քաբուլին սպառնում է խմելու ջրի իսպառ անհետացում մինչև 2030 թվականը։ Այս մասին ասվում է Mercy Corps միջազգային մարդասիրական կազմակերպության զեկույցում, որը հրապարակել է The Guardian-ը։

Ըստ փորձագետների՝ վերջին տասնամյակում Աֆղանստանի մայրաքաղաքում ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է 30 մետրով։ Նման կրիտիկական իրավիճակի պատճառներն են արագ ուրբանիզացիան և կլիմայի փոփոխության հետևանքները: Քաղաքի հորերի մոտ կեսն արդեն չորացել է, իսկ ջրի սպառման ծավալը զգալիորեն գերազանցում է ջրային պաշարների բնական համալրման տեմպերը՝ տարեկան դեֆիցիտը կազմում է մոտ 44 մլն խմ։

Շարունակվող միտումը սպառնում է աղետալի ազդեցություն ունենալ քաղաքի յոթ միլիոն բնակիչների կյանքի վրա: Աֆղանստանում Mercy Corps-ի տնօրեն Դեն Քարիի խոսքով՝ ջրի պակասը հանգեցնում է բնակչության բռնի տեղահանման, իսկ միջազգային օգնության բացակայությունը սրում է միգրացիոն խնդիրները և սոցիալական դժվարությունները:


lurer.com